BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Եվրոպան սպասման գինը ծանրացնում է

Եվրոպան սպասման գինը ծանրացնում է
05.04.2013 | 11:45

Ապրիլի 2-3-ը Եվրոպայի չեմպիոնների լիգայի մեկ քառորդ եզրափակչի առաջին հանդիպումների օրերն էին: Վիճակահանության կամոք մրցակցող զույգեր էին կազմել Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու կատալոնյան «Բարսելոնը», Մադրիդի «Ռեալն» ու թուրքական «Գալաթասարայը», իսպանական «Մալագան» և Դորտմունդի «Բորուսիան»:

ԱՊՐԻԼԻ ԵՐԿՈՒՍԸ ԵՐԵՔ ՉԷ
Հասկանալի է` խոսքն այդ օրերի օրացուցային տարբերությանը չի վերաբերում, այլ այդ օրերին կայացած ֆուտբոլային հանդիպումների ունեցած կշռին, թեպետ բովանդակային առումով ելքը նույնն է` հաջորդ փուլ դուրս գալը: Պարզապես ապրիլի երկուսի զույգերը «Բավարիան» ու «Յուվենտուսը», ՊՍԺ-ն ու «Բարսելոնն» էին, ակումբներ, որոնցից առնվազն երեքը գործնականում վաղապես է լուծել իրենց երկրների ներքին առաջնություններում չեմպիոնության հարցն ու, խնդիրը համարելով փակված, միանգամայն օրինաչափորեն լծվել Հին աշխարհի ակումբային ամենահեղինակավոր խաղարկության լավագույնի կոչմանը նույնպես արժանանալու գործին: Ինչ խոսք, իրականությունը պահանջում է պատշաճը մատուցել և ապրիլի երեքի զույգերին, որտեղ, այնուամենայնիվ, չմոռանանք, կան Մադրիդի «Ռեալ» ու Դորտմունդի «Բորուսիա». սակայն եկեք պահպանենք մեր անխախտ սկզբունքը` ամեն ինչի մասին իր տեղում ու իր ժամանակին:
«ԲԱՎԱՐԻԱ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ» (2։0)
Այս զույգը թերևս ուժեղագույնն էր քառյակից ու, այսպիսինը լինելուց զատ, նաև ամենաինտրիգայինը: Հայնկեսի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի նախորդ տարվա խաղարկության ձախողակն է, որքան էլ եզրափակչի մասնակից լինելը մեծագույն պատիվ է, ակումբի թափի ու հզորության մասին խոսող գերծանրակշիռ փաստ: Մրցաշրջանի կարևորագույն խաղում, այն էլ «Ալյանս Արենայում» անցած տարի Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունը քիչ է ասել, թե դաղեց մյունխենցիների սիրտը, և նրանք պատրաստ էին իրենց չար բախտի համար վրեժխնդիր լինելու ցանկացած մեկից:
Իր հերթին պակաս ամբիցիոզ չէ «Յուվենտուսը»: Կոնտեի թիմի համար վերջին երկու տարին շնչառությունը տեղը բերելու ակտիվ ժամանակաշրջան էր, ու փուլը հաջողությամբ է ավարտել եվրոպական տոնահանդեսին պահանջված մակարդակով մասնակցելու հարցը: Մի խոսքով, երկռաունդանոց այս դիմակայությունում խնդիրն այսպես էր դրված` կա՛մ գերմանական կոպիտ սապոգը, կա՛մ իտալական նրբագեղ ճտքակոշիկը:
Առաջին հանդիպումը, ինչպես արդեն գիտեք, ավարտվեց հօգուտ «սապոգի»: «Բավարիան» մարտը շահեց 2:0 հաշվով, ու շատ բաներով դա պայմանավորված էր խաղի հենց առաջին րոպեին գրանցված արագ գոլով, սակայն չեմ կարծում` միամիտներ կլինեն, ովքեր կհավատան, թե դիմակայությունում վերջակետ է դրված: Պատասխան խաղը լինելու է ապշեցուցիչ լարվածության, ու այստեղ մենք գոլե՛ր էլ կտեսնենք, վիրտուոզ կատարո՛ւմ էլ կտեսնենք, նրբագույն կոմբինացիանե՛ր էլ կտեսնենք, գերարագությո՛ւն էլ կտեսնենք, կոպիտից կոպտագույնի անցնող խա՛ղ էլ կտեսնենք: Մի խոսքով, սուր զգացողությունների սիրահարներին կտրվի պահանջվող գոհացում: Ինչ վերաբերում է խաղից առաջ ունեցած թիմերի վիճակագրությանը, բնականաբար այն փոփոխություններ կրեց և, հասկանալի է, որ դրանք ի նպաստ չէին «Յուվենտուսին»: Սակայն եկեք դրանք, բացի երկուսից, իրենց մանրամասների մեջ չվերհիշենք, բայց որ մինչ այժմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի արտագնա ութ խաղից յոթում պարտվելու իր ցուցանիշը «Յուվենտուսը» «զարգացրեց», ինչպես որ «Բավարիան» բարելավեց Չեմպիոնների լիգայի տնային տասնինը խաղից տասնվեցում հաղթելու (մինչև այս վերջին հանդիպումը) ցուցանիշը, փաստ է:
ՊՍԺ-«ԲԱՐՍԵԼՈՆ» (2։2)
Թե ինչո՞ւ հանդիպման 2:2 արդյունքից գոհ չմնաց փարիզյան թիմի գլխավոր Կառլո Անչելոտին, ու թե ինչո՞ւ «Բարսելոնից» նրա վիզավին` Ժորդի Ռոուրան, այն գնահատեց գերազանց, եկեք թողնենք մի կողմ, քանզի սրանից քաղաքականությանը վայել գարշահոտ է բուրում, իսկ մենք հենց այնպես չենք մեզ տվել մարզական թեմաներին` հավատալով, որ առավոտներն այստեղ եթե ոչ ամբողջապես խաղաղ, ապա անհամեմատ խաղաղ են: Ինչևէ: Բայց այս «ինչևէ»-ով հանդերձ էլ այս խաղին պիտի անդրադառնամ անդրադարձի հնարքի կիրառմամբ:
«Բարսելոնից» պոկած (այո, այո` պոկած. ի՞նչ է, որևէ մեկը կա՞, որ ուրիշ բանի է հավատում) ոչ-ոքիին հաջորդած հետխաղյա մամլո ասուլիսում Անչելոտին ասում է. «Մենք Մեսիին չափազանց հեշտ թույլ տվեցինք հաշիվը բացել»:
Ի պատասխան, ես էլ ուզում եմ հարցնել. «Եթե հեշտ չէ ու դժվար էիք թողնելու, ի՞նչ է, Մեսիի դեմը կարողանալու էիք առնե՞լ: Կամ` ձեր թողնելո՞վ էր»:
Պարզ է: Բան էր` պիտի ասվեր, բայց դե մեջտեղը սեփական անձի սոլիդությունը պահպանելու հարց էլ կա, չէ՞: Ինչ` ինչ, արգենտինացու պարագայում պիտի պատշաճություն պահպանել: Մեսին է ու իր աղա քեֆը, եթե որոշեց անել` ուզում ես հարսանեկան առագաստում կամովին տրվողի դերում եղիր, ուզում ես` պահարանի գլխին հայտնված դիմադրողի: Մեղա՜, մեղա, տես թե մեղավորիս ինչեր հիշեցնելու են մղում, սակայն եկեք այստեղ էլ ամեն ինչ կլուլող էն անտեր «ինչևէ»-ն գրենք ու հարցը մասամբ փակված համարենք:
Մրցակցի դաշտում 2:2-ն, ինչ խոսք, «Բարսելոնի» համար և՛ հարմար հաշիվ է, և՛ ոչ այնքան, մանավանդ որ սարի պես տղուց արյուն քամեցին ու պարզ չէ, թե պատասխան խաղում Մեսին կլինի՞ խաղադաշտում, թե՞ ոչ: Իհարկե, սա ծանր կորուստ է կատալոնյան ակումբի համար, սակայն եկեք չմոռանանք, որ Չավի-Ինիեստա հրաշքը «Կամպ Նոուում» հաստատապես լինելու է, իսկ նման ուղեղային կենտրոնի դեմն առնելը ծանրագույն խնդիր է:
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքը պայմանավորած առանձին տարրերին ու, մասնավորապես, խաղից դուրս դրությունից Իբրահիմովիչի խփած գոլին, եկեք դրանք հանդիպման մրցավարի գործողություններով առանձնապես չպայմանավորենք, որովհետև անսխալական մարդ չկա այս աշխարհում, և միշտ չէ, որ մենք ամեն ինչ ենք տեսնում ու ի վիճակի ենք ամեն ինչ տեսնելու: Մի խոսքով, կա պատասխան խաղ, ու այնտեղ է ամեն ինչ որոշվելու վերջնականապես: Այստեղ միայն թույլ տվեք մի «գաղտնիք» բացեմ ու նոր անցնեմ առաջ. երկու թիմից միայն մեկն է անցնելու հաջորդ փուլ: Թե ո՞րը` կոնկրետացում չպահանջեք: Բավարարվեք այսքանով: Ամեն ինչ մինչև վերջն իմանալն էլ մի առանձին լավ բան չէ` կորչում է անակնկալի հմայքը:
Կամ` դառնահամը:

«ՌԵԱԼ»-«ԳԱԼԱԹԱՍԱՐԱՅ» (3։0)
Հայտնի խոսքը հերթական անգամ փաստեց այն ճշմարտությունը, որ, իսկապես, գլխից վեր չես ցատկի: Այնպես որ, մադրիդցիների հետ հանդիպումից առաջ բաղնիք գնալը թուրքերի համար զուտ անձնական հիգիենայի խնդիր էր, թեպետ վրա-վրա լողանալն էլ, որքան տեղյակ եմ, առանձնապես ցուցված չէ:
«Ռեալը» գործնականում լուծեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը և Ստամբուլ կգնա զբոսաշրջիկի կարգավիճակով, չնայած թուրքերն ամեն կերպ կփորձեն տրամադրություն փչացնել: Դրա համար նրանք ունեն և՛ Դրոգբա, և՛ Սնեյդեր, և՛ Յըլմազ, և՛ Ալթինթոփ, սակայն… էլ ի՞նչ սակայն: Մի խոսքով` գիտեք: Ջուր չծեծենք: Իրականությունը պահանջում է ասել, որ հիմա Մոուրինյոն միայն մի մտահոգություն ունի` ո՞վ է լինելու հաջորդ մրցակիցը:
Քանի որ այստեղ Ամենային հիշեցինք, մի բան էլ հիշատակենք ու նոր անցնենք առաջ: Գիտեք, որ ՊՍԺ-«Բարսելոն» խաղից առաջ լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե իբր Մոուրինյոն Անչելոտիին որոշակի ինֆորմացիա է տրամադրել կատալոնյան ակումբի թույլ կողմերի մասին: Սրա ճիշտ ու սուտ լինելու հավանականությունը հիսունը հիսունի է, թեպետ, եթե քո պոտենցիալ մրցակցին հաղթելու գաղտնիքին տիրապետում ես, սկզբունքորեն ի՞նչ իմաստ ունի այն մեկ ուրիշին տրամադրելը: Մյուս կողմից էլ, գիտեք, վախը քիչ բան չէ, ինչպես որ քիչ բան չէ մտացածին լուրերով լրացուցիչ լսարան գրավելու գայթակղությունը: Նման դեպքերի առնչությամբ հանգուցյալ պապս (թող լույս իջնի ձեր բոլոր անցավորների հոգուն) մի շատ հետաքրքիր համեմատություն էր անում` ասելով` փետի երկու ծերին կատուն միզել է, մեջտեղում էլ շունն իր գործն է արել. դե հիմա տղա եմ ասել, որ էդ փետը փորձես էնպես բռնել, որ չկեղտոտվես: ՈՒ քանի որ տվյալ պարագայում հավասարապես կարող ենք ասել փետի էլ, շան էլ, կատվի էլ հերն անիծած, եկեք անշառ գլուխներս շառի տակ չդնենք ու սահուն անցնենք հաջորդ զույգին:
«ՄԱԼԱԳԱ»-«ԲՈՐՈՒՍԻԱ» (0։0)
Դեռևս խմբային փուլից մասնագետներն ու ֆուտբոլասերները իսպանական ակումբին դիտում էին հետնապահների թվում ու առանձնակի հույսեր չէին կապում նրա հետ: Սակայն, արի ու տես, թե որքան իմաստուն է ժողովուրդն իր բանաձևումներում, թե` չհավնած քարը աչք կծակե: Եվրոպական չափանիշներով այս համեստ ակումբը նախ մեծագույն նվաճում համարեց խմբայինից դուրս գալը, հետո նույնքան մեծ նվաճում համարեց մեկ քառորդ դուրս գալը ու կիսաեզրափակչի առաջին խաղում, որպես վրադիր, ոչ ոքի խաղաց դորտմունդցիների հետ` գոլ խփող այդ մեքենան թողնելով քիթը կախ: Հիմա թե ինչո՞ւ «Բորուսիան» փոշիացրեց մրցակցի դարպասը գրավելու իր բազմաթիվ հնարավորությունները, մեղմ ասած, մեզ համար ոչ տաք է, ոչ պաղ, քանի որ դրանից ո՛չ Հայաստանի ազգայինի գլխավորի մշակած սխեմաներն արդյունավետ կդառնան, ո՛չ Վարդան Մինասյանի հրաժարականը չընդունած ֆուտբոլի ֆեդերացիայի մականունավոր նախագահը կդադարի իրեն հայկական ֆուտբոլի պապա ու իրեն ճակատագրեր տնօրինող համարելուց, ո՛չ էլ Հայաստանում կդադարի խնամի-քավոր-սանիկական ինստիտուտը գործել: Այստեղ քիչ էր մնում նորից հիշեի պապիս խոսքը, բայց նրա ասածը վերևում արդեն ասել եմ, կրկնելն էլ իմաստ չունի, որովհետև խորապես համոզված եմ` կրկնությունը գիտության մայրը չէ (մի հավատացեք կեղծ մարգարեներին), այլ նրան կործանողը:
Դառնալով պատասխան խաղում կողմերի հնարավորությանը` ասեմ, որ դորտմունդցիների ֆավորիտ լինելու փաստը շարունակում է մնալ այսպիսին, բայց առանձնապես չեմ էլ հավատում, որ «Մալագան» աղքատ բարեկամի կարգավիճակով է ներկայանալու հարուստ բարեկամի հարսանիքին: Սուր զգացողությունների սիրահարներին բարեկամաբար խորհուրդ կտամ աչքաթող չանել այս հանդիպումը:
Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի հանդիպումների մասին ահա այսքանը: Եթե կարողացանք փոքրիշատե գոհացնել ընթերցողին, չենք կարող շոյված չզգալ մեր համեստ անձի ունեցած զգացումներում, իսկ եթե ինչ-որ բան այնպես չստացվեց, խոստանում ենք ուղղվել: Բնականաբար` մեր ուժերի ներածի սահմաններում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ